Վահան Սրբազանը Լոնդոնում ներկայացրեց GAIDZ Բարեգործական Հիմնադրամի առաքելությունն ու ծրագրերը
June 13, 2026
2026 թվականի մայիսի 31-ին Լոնդոնի Սուրբ Սարգիս եկեղեցում, թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի հրավերով, Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննեսյանը մատուցեց Սուրբ Պատարագ։
Պատարագից հետո կայացած հանդիպման ընթացքում Վահան Սրբազանը ներկայացրեց GAIDZ միջազգային նախաձեռնության և GAIDZ-UK բարեգործական հիմնադրամի գործունեությունը՝ ընդգծելով հայկական ձեռագիր և գրավոր ժառանգության պահպանության, թվայնացման, գիտական ուսումնասիրման, թարգմանության և հրատարակության կարևորությունը։
Նա անդրադարձավ հիմնադրամի միջազգային ծրագրերին և համագործակցություններին՝ ցույց տալով, թե ինչպես են նորագույն տեխնոլոգիաները, գիտական հետազոտությունները և կրթական նախաձեռնությունները նպաստում հայկական հոգևոր և մտավոր ժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանը համաշխարհային մակարդակով։
Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ ակտիվ քննարկում, որի ընթացքում Վահան Սրբազանը պատասխանեց բազմաթիվ հարցերի՝ ներկայացնելով GAIDZ-ի առաջիկա ծրագրերը և բարերարների, գիտնականների ու համայնքների կարևոր դերակատարությունը այս առաքելության հաջողության գործում։
GAIDZ-ը ձգտում է ապահովել, որ հայկական մշակութային և հոգևոր գանձերը պահպանվեն, ուսումնասիրվեն և հասանելի դառնան ապագա սերունդներին ամբողջ աշխարհում։
Լրացուցիչ տեղեկությունների և հիմնադրամի գործունեությանը աջակցելու համար այցելեք www.gaidz.net։
